Ուկրաինայի հարավ-արեւելքում ուժի կիրառումն անընդունելի է, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Խնդրի լուծման բանալի պետք է  դառնա սահմանադրական բարեփոխումը», - ասել է նա չինացի գործընկերոջ հետ հանդիպման ավարտին:

Ռուսաստանը պահանջում է դադարեցնել այսպես կոչված անվտանգության ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի արեւելքում, ինչը հակասում է միջազգային սկզբունքներին, Լավրովի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք կտրականապես դատապարտում ենք եւ պահանջում դադարեցնել այսպես կոչված անվտանգության ուժերի եւ բանակային ստորաբաժանումների կենտրոնացման նախաձեռնությունները», - ասել է նա:

Նախարարն անընդունելի է համարում Ուկրաինայի արեւելքում հակաիրավական գործողություններին ՄԱԿ-ին ներգրավելու Կիեւի մտադրությունը:

 «Ուկրաինական կողմը ՄԱԿ-ին հրավիրում է  մասնակցել հակաիրավական գործողությունների՝ իր ագրեսիվ մտադրություններն իրականացնելու համար»՝ միաժամանակ մեղադրելով Ռուսաստանին:

«Ավելի մեծ անհեթեթություն չեմ լսել: Սա նշանակում է սեփական ժողովրդին զրկել կարծիք արտահայտելու եւ անօրինականության դեմ պայքարի իրավունքից», - նշել է նախարարը:

Ըստ արտգործնախարարի՝ Ռուսաստանը Սլավյանսկում գտնվող ԵԱՀԿ առաքելությունից անկողմնակալ տեղեկությունների կսպասի: