Ինչո՞ւ պետք է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմա խոսի նախագահի հրաժարականի մասին, երբ որ մանավանդ նոր վարչապետը ընդունելի տարբերակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի տարածած հայտարարությունից հետո, ըստ որի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը: ԲՀԿ-ի լռությունը:
«Դժվար է ասել, թե ինչ դիրքորոշում կբռնի ԲՀԿ-ն, հատկապես հիմա ինչո՞ւ պետք է խոսի նախագահի հրաժարականի մասին, երբ որ մանավանդ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկինի՝ Տիգրան Սարգսյանի համեմատ, ընդունելի տարբերակ է: Բացի դրանից ԲՀԿ-ն երբեք էլ չի խոսել նախագահի հրաժարականի մասին»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով՝ մի բան հստակ է՝ քառյակի ապագան հարցականի տակ է:
«Հնարավոր է, որ կձեւափոխվի, տրանսֆորմացիաների կենթարկվի եւ ֆորմատի կազմը փոխվի: Այս ամենը հավանական է: Հնարավոր է նաեւ համագործակցեն, ասենք տնտեսական ծրագիր ներկայացնեն, որի ընդունում-չընդունումից էլ շատ բան չի փոխվի»,- ավելացրեց Էդգար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ չպետք է սպասենք կառավարության ձեւավորմանը եւ նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ, հետեւաբար՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը: ԲՀԿ-ն դեռ չի մեկնաբանում այս կոչը, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ այս կոչը կքննարկեն քառյակի առաջիկա նիստում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























