Ոստիկանությունը չի հաստատում Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի անցակետերից մեկի մոտ 10 ռուսամետ ակտիվիստների  սպանության մասին լուրերը: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ Դոնեցկի մարզի վարչության հանրության հետ կապերի պատասխանատու Իգոր Դեմինը:

«Սպանությունների մասին լուրերն անհիմն են: Չնայած փոխհրաձգություն եղել է: Անցակետի մոտով ընթացող ավտոմեքենայից տրավմատիկ զենքով կրակ է բացվել մարդկանց ուղղությամբ: Այնտեղից պատասխան հրաձգություն է սկսվել: Մեքենայի ուղեւորներից մեկը ստորին վերջույթներին հասցված հրազենային վերքերով հիվանդանոց է տեղափոխվել»,-տեղեկացրել է Դեմինը:

Նրա խոսքերով, ոստիկանությունը փորձում է փոխհրաձգության բոլոր մանրամասները բացահայտել, հաղորդում է Gazeta.ua-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Լեսյա Օրոբեցը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե իր տեղեկություններով` «Դոնետչինայում այսօր 10 «կոլորադոս» (ռուսամետ գրոհային) են սպանել»:

«Երեք տարբեր աղբյուներից հաստատվել է, որ երեք անհայտ անձինք մոտեցել են անցակետին, ավտոմատ հրացանով 10 «կոլորադոսի» սպանել ու հեռացել: Կամավորական շարժում` դոնեցկյան տարբերակով»,-գրել է պատգամավորը: