Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի այսօր՝ ապրիլի 15-ին, կայացած նիստին քննվել են այն լրագրողները, ովքեր հայց էին ներկայացրել ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս»): Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Այսօր հրավիրել էին չորս լրագրողներին, ովքեր ակցիա էին ԱԺ-ում: Նրանցից երեքն էին եկել, չորրորդը հարգելի պատճառով չէր ներկայացել: Նիստի ժամանակ լսեցինք բացատրություններ, պարզաբանումներ: Գործը դեռ քննության փուլում է, ամեն ինչ օրենքով է արվում»,- ասաց նա՝ հավելելով, որ հանձնաժողովը կլսի նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին, բայց դա արդեն այսօր չի լինի:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել հայ-ռուսական գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ: Այդ օրը մի շարք լրագրողներ պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ եւ պահանջել դեմ քվեարկել գազային համաձայնագրերին: Այդ ժամանակ Շմայսը բղավել էր. «Էս կապիկներին հանեք ըստուց»:

Պատգամավորը, ըստ դիմումատուների, անվայելուչ արտահայտություն է հնչեցրել նաեւ լրագրողական օթյակում բողոքի ձայն բարձրացրած մեկ տասնյակից ավելի լրագրողների հասցեին:

Պարզաբանումներ տված լրագրողները` ի պատասխան իրենց գործընկերների հարցերի, հրաժարվեցին մանրամասներ հրապարակել դռնփակ նիստից, հայտնելով, որ պետք է սպասեն հանձնաժողովի որոշմանը եւ ըստ այդմ հետեւություններ կանեն` չբացառելով, որ միգուցե հանդես կգան հայտարարություններով: