Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել են մեկ տարվա հասարակական աշխատանքների՝ հարկային մեքենայությունների համար:
Իտալիայի Գերագույն դատարանը քաղաքական գործչին ազատազրկման էր դատապարտել, սակայն տարիքի պատճառով Բեռլուսկոնի պատժաչափը կարող էր փոխարինվել կամ տնային կալանքով կամ էլ հասարակական աշխատանքներով: Նախկին վարչապետի պաշտպանությունը խնդրել էր երկրորդ տարբերակը կիրառել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2012 թ. հոկտեմբերին Բեռլուսկոնին դատապարտվել էր հարկային մեքենայությունների համար: Դատավճիռը հաստատվել էր Գերագույն դատարանի կողմից՝ օգոստոսին:
Ըստ գործի նյութերի՝ Բեռլուսկոնին եւ կասկածյալի աթոռին հայտնված ընկերության մենեջերները իրավունք էին ձեռք բերել արտասահմանյան ֆիլմեր հեռարձակել՝ օֆշորային ընկերությունների միջոցով, բարձր գներով, իսկ հետո «ավելորդ» փողերը ծախսել էին քաղաքական եւ այլ կարիքների վրա՝ առանց հարկեր վճարելու:
Միլանի դատարանը վճռել էր Բեռլուսկոնիին զրկել նաեւ վեց տարի ընտրություններին մասնակցելու իրավունքից: Բեռլուսկոնիին հեռացրել էին նաեւ Իտալիայի Սենատից:




























