Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ՛Ֆարելը հայտարարել է հրաժարականի մասին: Պատճառը կոռուպցիոն սկանդալն է՝ կապված AWH՝ Australia Water Holdings ընկերության գործունեության հետ, որին բռնեցրել են պետական պաշտոնյաներին բազմիցս կաշառելու մեջ:
Նահանգի կառավարության ղեկավարին փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց` Australia Water Holdings-ի ղեկավար Նիկ Ջիրոլամոն 2011 թ. ապրիլին նրան նվեր էր ուղարկել «Պենֆոլդս Գրանժ Էրմիտաժ» գինու մեկ շիշ` 2978 դոլար արժողությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օ’Ֆարելը նշել է, որ պաշտոնը կլքի հաջորդ շաբաթ, քանի որ նախապես պետք է հանդիպի Լիբերալ կուսակցության անդամներին:
Նշվում է, որ Australia Water Holdings-ի շուրջ կոռուպցիոն սկանդալի առաջին զոհը դարձել էր երկրի ֆինանսների նախարարի տեղակալ Արտուր Սինոդինոսը: Մարտի վերջին նա լքել էր պաշտոնը` չնայած որ շարունակում է հերքել իր մասնակցությունը: Պետք է նշել, որ Սինոդինոսին մեղադրանք չի ներկայացվել, եւ նա միայն որպես վկա է հանդես գալիս:




























