Հայաստանի գլխավոր դատախազությունը Կիպրոսի դատախազությունից ստացել է օֆշորային գործով արած հարցման պատասխանը, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից: Հարցման պատասխանի բովանդակությունը Գլխավոր դատախազությունը չի հրապարակում՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Չի բացառվում, որ Հայաստանի դատախազությունը լրացուցիչ հարցում ուղարկի Կիպրոսի դատախազությանը: Դատախազության հանրային կապերի վարչությունից հաստատեցին նաեւ, որ վրացական կողմը իրենց պաշտոնապես տեղեկացրել է Աշոտ Սուքիասյանի արտահանձնման միջնորդության բավարարման մասին: Բայց Աշոտ Սուքիասյանը իրավունք ունի 7օրյա ժամկետում բողոքարկել այդ որոշումը, եթե նա բողոքարկեց այդ որոշումը, ապա պրոցեսը կերկարաձգվի, իսկ եթե չբողոքարկեց, ապա արտահանձման որոշումը կմտնի ուժի մեջ եւ գործընթացը կսկսվի:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է հունվարի վերջին Թբիլիսիում: Hetq.am-ը հաղորդում է, որ Թբիլիսիի կենտրոնական դատարանն ապրիլի 15-ին բավարարել է օֆշորային սկանդալում ներգրավված , գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը:  Դատական նիստը տեւել է 1 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը եւ խնդրել է իրեն արագ տեղափոխել Երեւան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռեւս հայտնի չէ:

Ըստ Վրաստանում գործող օրենսդրության՝ Աշոտ Սուքիասյանը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող է մնալ Վրաստանում բանտարկված երեք ամիս:  Ապրիլին լրանում է նրա բանտարկության երեք ամիսը, եւ եթե մինչեւ ապրիլի վերջ Աշոտ Սուքիասյանին չտեղափոխեն ՀՀ  (փաստաթղթերի ոչ պատրաստ լինելու պատճառով), ապա նրա փաստաբանը կարող է դիմել պատկան մարմիններին՝ խնդրելով հնարավորություն տալ Աշոտ Սուքիասյանին եւս երեք ամիս գտնվել Վրաստանում: Այդ երեք ամիսների ընթացքում  հնարավորություն կտրվի ամբողջական տեսքի բերել Ա. Սուքիասյանի փաստաթղթերը: