Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Սարգիս Ս.-ն, Երեւանի Արշակունյաց փողոցի բնակիչ, 23-ամյա Հարություն Ղ.-ն եւ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 23-ամյա Մաղաք Ա.-ն մեղադրվում են Մասիսում հասարակական կարգը խախտելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ին Մասիս քաղաքում: Տղաները կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է նրանց կարգի հրավիրող անձանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով եւ գույքը դիտավորյալ վնասելով:

Սարգիս Ս.-ին, Հարություն Ղ.-ին եւ Մաղաք Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: