Երեւան քաղաքի պատմության թանգարանի սրահում այսօր՝ ապրիլի 16-ին, տեղի է ունեցել «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված են Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված գտածոները, որոնք թվագրվում են Ուրարտուի ժամանակաշրջանից մինչեւ մ.թ. 1-ին դար։ 40 հա տարածքով այս հնավայրը բաղկացած է նախաուրարտական բնակավայրից, միջնաբերդ ունեցող ուրարտական քաղաքից։

Մ.թ.ա. 6-րդ դարից մ.թ. 1-ին դարը այն ծառայել է որպես դամբարանադաշտ։ Ցուցադրությունում ներկայացված են կենցաղային խեցեգործական ու ապակե առարկաներ, զարդեր, զենքի բրոնզե մասեր եւ այլն։

Տարածքը հայտնաբերվել 1939թ., առաջին պեղումներն ավարտվել են 1968թ.. դրանց ընթացքում պարզվել է նաեւ քաղաքի անունը, որը արձանագրությունում նշվում է Թեյշեբաինի անվամբ։

Հնավայրում պեղումների երկրորդ շրջանը սկսվել է մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկության բեռնաթափմամբ պայմանավորված ճանապարհաշինական ծրագրի արդյունքում։ Երեւանի քաղաքապետարանի նախագծով այստեղ կառուցվելու է ասֆալտապատ ճանապարհ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, ինչպես նաեւ կամուրջ՝ Հրազդանի կիրճի լայնությամբ:«Ճանապարհի կառուցումը դարձավ պատճառ, որ հայտնաբերվի Կարմիր բլրի դամբարանադաշտը։ Նախագիծը փոխըմբռնման եղանակով է արվում, որպեսզի եւ՛ քաղաքը շահի, եւ՛ մեր պատմամշակութային արժեքները վերհանվեն ու եւս մեկ անգամ ներկայացվեն հանրությանը, աշխարհին»,-նշել է բացմանը ներկա Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ հավելել, որ ճանապարհի կառուցումը նաեւ մեխանիկորեն կսահմանափակի Կարմիր բլրին հարակից գերեզմանի ընդլայնումը։