Ռուսամետ ակտիվիստների հետ Կրամատորսկի հարավային ծայրամասում բանակցությունների արդյունքում ուկրաինացի զինվորները դուրս են եկել շրջափակումից՝ անձնական զենքով եւ ծառայողական տեխնիկայով, հայտնում են Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունից:

«15 միավոր զրահատեխնիկան, որը Կրամատորսկի Պչյոլկինա ավանի հարեւանությամբ արգելափակվել էր ռուսամետ ակտիվիստների կողմից,  ապրիլի 17-ին, ժ. 08.00–ի դրությամբ վերադարձվում է Դնեպրի մարզ` մշտական տեղակայման վայր», - ասվում է  հաղորդագրությունում:

Նշվում է, որ բողոքողների հետ բանակցությունները վարել է Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային զոքերի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Շվեցը:

Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ԶՈՒ-ի զրահապատ  տեխնիկայի եւս 6 միավոր, որոնք նախօրեին գրավել էին ծայրահեղականները, շարունակում են արգելափակված մնալ Սլավյանսկ քաղաքի կենտրոնում:  Այդ մեքենաների անձնակազմը մեկնել է  մշտական տեղակայման վայր` Դնեպրի մարզ: