Բուլղարիան ապամոնտաժել է «Հարավային հոսք» գազատարի` իր տարածքով անցնող խողովակները:

Մասնավորապես, բուլղարական «Բիվոլ» պարբերականի հաղորդմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ-ում որոշել են, որ «Հարավային հոսք» նախագիծը չպետք է իրականացվի: Պարբերականը նաեւ ապամոնտաժումից առաջ եւ հետո արված լուսանկարներ է տեղադրել:

Նշենք, որ ապրիլի 17-ին Եվրախորհրդարանը պատրաստվում է «Հարավային հոսք» նախագծի դադարեցումը ենթադրող օրինագիծ քննարկել: Այն պատրաստել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության, եվրոպական սոցիալիստների, ազատականների, կանաչների եւ պահպանողականների ներկայացուցիչները:

«Հարավային հոսքը» գազատարի նախագիծ է, որ պետք է Ռուսաստանի Անապայի շրջանը Սեւ ծովի հատակով Բուլղարիայի Վառնա նավահանգստին միացներ: Այնուհետեւ նախատեսվում էր բալկանյան թերակղզու տարածքով ճյուղավորել այն` Իտալիա եւ Ավստրիա հասցնելու նպատակով:

Գազատարի շինարարությունը մեկնարկել է 2012թ. դեկտեմբերի 7-ին, եւ, ըստ նախագծի, պետք է ավարտվեր 2015թ.:

«Հարավային հոսանքի» նախագծային հզորությունը տարեկան 63 մլրդ խ.մ. էր կազմում, արժեքը` 16 մլրդ եվրո: Ֆինանսավորումն իրականցնում էին ռուսական, ֆրանսիական, իտալական եւ գերմանական ընկերություններ: