Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը, հաղորդում է «Ազատություն»-ը:
Ավանեսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ դեռեւս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները:
Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձեւավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք: Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երեւանը բանակցություններ սկսեց մոտ 900-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:
Վահրամ Ավանեսյանից այսօր հետարքրքրվեցիքն՝ եթե բանակցությունները դեռեւս ավարտված չեն ու, բնականաբար, հայտնի չէ՝ ինչպես կավարտվեն, ինչո՞ւ է այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում, թե ապրիլի 29-ին միեւնույն է ստորագրելու է Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը: Փաստորեն Հայաստանը անդամակցելու է այդ միությանը՝ վերջնականապես չհստակեցնելով իր անդամակցության պայմանները:
«Դա այդպես չէ, մենք հիմա բանակցում ենք թեմայի շուրջ եւ, բնականաբար, ստորագրության ժամկետը որոշված է՝ ամսի 29-ին, բայց ամսի 28-ին վերջնական բանակցությունների արդյունքը կլինի։ Էսօրվա վիճակով մենք չենք կարող ասել՝ բանակցությունները կավարտվեն ամբողջովին, թե՝ ոչ, բայց հույս ունենք, որ կավարտվեն։ Դա նորմալ պրակտիկա է, զարմանալի բան չկա դրա մեջ»,- ասաց նախարարը.- «Ցանկացած բանակցության դեպքում ստորագրման օր է լինում եւ բանակցությունների ավարտի օր է լինում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




























