Երեւանի բնակիչ, 65-ամյա Սարգիս Մ.-ն մեղադրվում է իրեն վստահված կենսաթոշակները յուրացնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Մինչեւ 2010թ դեկտեմբեր ամիսը Սարգիս Մ.-ն աշխատել է սոցապ ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երեւանի «Շահումյան 1» տարածքային բաժնում որպես վճարող-տեսուչ: Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ եւ օժտված լինելով կենսաթոշակների վճարման լիազորություններով՝ Սարգիսը պետությունից յուրացրել է իրեն վստահված կենսաթոշակների խոշոր չափերով գումարներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 1մլն 941 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:
Սարգիս Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկwum` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:




























