Հարավային Կորեայում նավաբեկության վայրից փրկարարները եւս մի քանի դիակ են դուրս բերել, այդկերպ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, հայտնում է «Ռենհապը»։ Շուրջ 200 մարդ անհետ կորած է համարվում։
Անցած օրերի բարենպաստ եղանակի շնորհիվ ջրի մակերեւույթ է հաջողվել բարձրացնել 30 մարմին։ Փրկարարները նաեւ ռուսաստանցի դեռահասի մարմին են գտել։ ՌԴ ԱԳՆ-ի տվյալով անհետ կորածների թվում էր 1997թ. ծնված Սերկով Վյաչեսլավ Նիկոլաեւիչը։
Ռուսաստանցուց բացի` հայտնաբերվել է նաեւ Չինաստանի երկու քաղաքացու մարմին: «Սեւոլ» նավում արտասահմանի չորս քաղաքացի էր եղել:
Հիշեցնենք, որ լաստանավը խորտակվել էր ապրիլի 16-ին: Նավում եղել էր 476 մարդ, որոնցից 350-ը` աշակերտներ Անսան քաղաքից: Ապրիլի 18-ին դպրոցի տնօրենը, որտեղ սովորում էին աշակերտները, ինքնասպան էր եղել:
Հարավային Կորեայի դատախազությունն արդեն պաշտոնական մեղադրանք է ներկայացրել նավապետին, որին ցմահ ազատազրկում է սպառնում: Ըստ քննիչների` նավապետն առաջիններից մեկն է լքել նավը: Ըստ նախնական տվյալի` նավաբեկության պատճառը եղել է լաստանավի կտրուկ շրջադարձը:



























