Երեւանի քաղաքապետարանը արձագանքել է NEWS.am-ի «Մահ է լինելու, խայտառակ լինեք, հարգելի քաղաքապետարան. վթարային շենքի բնակիչները վախենում են փռշտալ իրենց տանը» հրապարակմանն ու բացատրել, թե ինչու են մինչեւ հիմա Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի 15 տան բնակիչներն ապրում 4-րդ աստիճանի վթարային շենքում։ Հիշեցնենք, որ նախօրեին փլուզվել էր բնակելի տան պատերից մեկը։
Քաղաքապետարանի պարզաբանումը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Նշված` երկհարկանի քարաշեն բնակելի շենքը չորրորդ աստիճանի վնասվածության շենքերի ցանկում ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 25.12.2007թ. հ.ՔՆ-23/5620 գրության համաձայն:
Այն, որ Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 տան բնակիչները 2007 թվականից դիմել են պատկան մարմիններին, համապատասխանում է իրականությանը, սակայն խնդրի լուծումը մինչև օրս կարգավորված չլինելը պայմանավորված է ստորև ներկայացված երկու պատճառներով.
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումից հետո Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին կառուցվել են Սիսակյան փողոցի հ.22 և Մարգարյան փողոցի հ.37 հասցեների շենքերը, որոնք շահագործման են հանձնվել 2013 թվականի ապրիլ և դեկտեմբեր ամիսներին:
Երևանի քաղաքապետի 20.12.2012թ. հ.7937-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությամբ նշված նորակառույց շենքերի բնակարաններ են վերաբնակեցվել Ֆուչիկի փողոցի հ.12 բազմաբնակարան և Նոր Արեշի 35-րդ փողոցի հ.127/1; Սիսակյան 3, Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հանրակացարանային շենքերի բնակիչները:
Առաջարկությունը հիմնավորված է եղել ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.03.2011թ. հ.01/13.1/899-11 գրությամբ, որով Երևանի քաղաքապետարան է ներկայացվել §Հայսեյմսշին և ԿՊ ԳՀԻ¦ ԲԲ ընկերության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմված` Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային բազմաբնակարան և հանրակացարանային շենքերի ցուցակները` ըստ քանդման առաջնահերթությունների:
Ընկերությունն առաջնորդվելով ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված` քանդման ենթակա վթարային տների քանդման առաջնահերթությունը որոշելու կարգով, Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 շենքի վնասվածության աստիճանը համապատասխան բանաձևի օգնությամբ հաշվարկել և գնահատել է 37 միավոր, իսկ Ֆուչիկի փողոցի հ.12; Նոր Արեշի 35-րդ փողոցի հ.127/1; Սիսակյան 3 և Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 շենքերի համար` համապատասխանաբար 42,4; 45; 44,9; 37,5:
Ֆուչիկի փողոցի հ.12 բազմաբնակարան շենքի թվով 32 բնակարանների բնակիչների վերաբնակեցման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, իսկ մյուս երեք հանրակացարանային շենքերի 334 գույքային միավորներից բնակիչների վերաբնակեցումն իրականացվել է մասնակի` փուլային լուծմամբ հատկացվել է շուրջ 130 բնակարան: Երեք հանրակացարանային շենքերից բնակիչների վերաբնակեցման գործընթացը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2015 թվականի 2-րդ կիսամյակում:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համապատասխան ստորաբաժանման կողմից 2008 թվականի տարեսկզբին Բաղրամյան պող.4-րդ նրբանցքի հ.15 հասցեում գտնվող շենքում իրականացվել են գույքագրման ու հաշվառման աշխատանքներ և շենքում բնակվող թվով 6 ընտանիքների առաջարկվել են բնակարաններ Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.53 շենքում, սակայն առաջարկվող բնակարանների կառուցվածքի ու քանակի վերաբերյալ նրանց անհամաձայնության պատճառով վերաբնակեցման գործընթացը կասեցվել է:
Բնակիչների ներկայացրած պահանջներին համապատասխան բնակարաններ հատկացնելու դեպքում խախտվելու էր ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված կարգի պահանջները: Շենքի թվով 3 գույքային միավորների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող Մարինա Հարությունյանը, Լիաննա Ղազարյանը և Գոհարիկ Հակոբյանը ներկայացրել էին հետևյալ պահանջները`
-33 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու բնակելի սենյակների դիմաց Մարինա Հարությունյանը պահանջել է հատկացնել 73,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու սենյականոց բնակարան :
58,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք բնակելի սենյակների դիմաց Լիաննա Ղազարյանը պահանջել է հատկացնել 90 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյականոց բնակարան:
66,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով հինգ բնակելի սենյակների դիմաց Գոհարիկ Հակոբյանը պահանջել է հատկացնել 161,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու և երեք սենյականոց բնակարաններ: Ընդ որում վերջինս 17.09.2004թ.-ին թիվ 17296 առուվաճառքի պայմանագրի հիման վրա հինգ սենյակները ձեռք բերելուց հետո, այն բաժանել է երկու առանձին գույքային միավորների: Արդյունքում 21,9 քառ. մետր երկու բնակելի և 44,6 քառ. մետր երեք բնակելի սենյակների համար 28.12.2005թ.-ին ստացել է սեփականության իրավունքի գրանցման վկայականներ:
Մյուս երեք ընտանիքները վարձակալության հիմունքներով օգտագործող 40 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու սենյականոց բնակարանի դիմաց պահանջել են հատկացնել երեք հատ մեկ սենյականոց բնակարաններ: Ընդ որում այդ բնակարանը երկու գույքային միավորի բաժանված է եղել դատարանի 1975 թվականի վճռով, իսկ հետագայում մեկ սենյակն իր հերթին առանց որևէ իրավական փաստաթղթերի միջնապատով բաժանվել է երկու միավորների` յուրաքանչյուրը 10-ական քառ. մետր: Արդյունքում փաստաթղթերով ունեցած 40 քառ. մետր մակերեսի դիմաց հատկացվող բնակարանների մակերեսը կազմելու էր 150 քառ. մետր:
Ելնելով վերոհիշյալից՝ Բաղրամյան պող. 4-րդ նրբանցքի հ.15 հասցեում գտնվող շենքից բնակիչներին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխան բնակարաններ հատկացնելու հարցի քննարկմանը նախատեսվում է անդրադառնալ 2015 թվականին` Երևան քաղաքում քանդման ենթակա բազմաբնակարան և հանրակացարանային շենքերից բնակիչների ամբողջական վերաբնակեցման գործընթացի իրականացման ժամանակ»։




























