ՀՅԴ-ն ամբողջությամբ կողմ է խորհրդարանական համակարգին եւ դեմ է սահմանադրական փոփոխությունները հետաձգելու առաջարկություններին: Այս մասին, այսօր` ապրիլի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Առկա կիսանախագահական համակարգը չի նպաստում արդյունավետ կառավարում իրականացնելուն: Այս համակարգը մեծամասնությանը հնարավորություն է տալիս որոշել ամեն ինչ եւ թելադրել: Երբ ասում ենք, որ խորհրդարանական համակարգի պետք է անցնել, մենք խրվելու ենք դրա մեջ մասնագիտական առումով, որը ամենաարդյունավետ համակարգն է մեր կարծիքով: Եթե որեւէ ուժ գնա այլ տարբերակով, մեր մոտեցումները տարբեր կլինեն»,-ասաց նա:
Վարդանյանի խոսքով` ԲՀԿ-ն նախ ասում էր, որ կողմ է խորհրդարանական համակարգին, հիմա ասում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չկա: «Մենք դա չենք հասկանում: Իսկ մենք եւ երեկ, եւ այսօր ասում ենք, որ կողմ ենք խորհրդանականին եւ այդ հարցում գնալու ենք մինչեւ վերջ»,-ընդգծեց դաշնակցական գործիչը:
Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենց կարծիքով, սահմանադրական կարգը փոխելով չի վերանում այն հնարավորությունը, որ ինչ-որ մեկը միանձնա իշխանություն ձեւավորի Հայաստանում: «Եթե բոլորը հասկանան, որ պետք է պայքարել միահեծանության հիմքերի դեմ, երաշխավորվի, որ այլեւս միահեծանություն չի լինելու, ապա կկարողանանք հաջողության հասնել: Այո, խորհրդարանական համակարգի պայմաններում վարչապետը կարող է լայն լիազորություններ ունենալ, բայց մեր յոթ կետերի մեջ մտնում է նաեւ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տալը: Այսինքն մեր նպատակը միահեծանությունը վերացնելն է, ազատ ընտրությունների համար հիմքերի ապահովումը»,-ընդգծեց Ռուստամյանը:
«Միեւնույն է առաջիկա նախագահական ընտրություններում նախագահը փոխվելու է, իշխանափոխություն լինելու է, բայց եթե նոր նախագահը նույն համակարգով ղեկավարի, ով էլ լինի, նման լիազորություններ ունենալով, շահ չի ունենա փոխել համակարգը»,-կարծիք հայտնեց Ռուստամյանը:




























