Այս տարվա մայիս-հուլիսի ընթացքում AEGEE-Երեւան (Երեւանի Եվրոպական Ուսանողների Ֆորում) եւ Քաղաքացիական Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունները Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության աջակցությամբ իրականացնելու են «Երիտասարդական շարժունակության խթանում Հայաստանում. Շարժունակությունն իրավունք է» խորագրով ծրագիրը:

Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը եւ ընդգծել հայ երիտասարդների շարժունակությանն առընչվող առկա  խնդիրներն ու խոչընդոտները: Ծրագիրը ներառելու է ուսանողական գիտաժողովներ, թեմատիկ հանդիպումներ, իրազեկության բարձրացման արշավներ, ֆոկուս խմբերի քննարկումներ, մրցույթներ ու ծառայելու է որպես եզակի հարթակ երիտասարդների ու այս ոլորտի քաղաքականությունը մշակողների երկկողմանի գործակցության համար:

AEGEE-Երեւան երիտասարդական հասարակական կազմակերպության Հանրային կապերի կոմիտեի ղեկավար Հայկուհի Թանգյանը նշում է. «Ծրագրի հիմնական նպատակներից մեկը  Շենգենյան վիզայի ստացման ընթացակարգի մասին իրազեկության բարձրացումն է  հայ երիտասարդների  շրջանում: Վերջին տարիների ընթացքում Շենգենյան վիզա ձեռք բերելու խնդիրը մշտապես եղել է մեր հասարակական կազմակերպությունների օրակարգում, քանի որ նույնիսկ 2014թ.-ի հունվարի 1-ից գործող դյուրացված համակարգում  հայ երիտասարդները եւ ուսանողները զանազան խոչնդոտների են հանդիպում Շենգենյան մուտքի արտոնագիր տրամադրող դեսպանատներ դիմելիս: Հուսով ենք, որ մեկնարկող ծրագրի միջոցով կկարողանանք տեսանելի տեղաշարժ արձանագրել այս ոլորտում»:

«Քաղաքացիական Ֆորում» հասարակական կազմակերպության Ծրագրերի համակարգող Սաթենիկ Բաղդասարյանը իր հերթին ավելացնում է. «Մենք նախատեսում ենք սկսել ծրագիրը համալսարանական գիտաժողովներով, որոնք կիրականացվեն Հայաստանի երեք համալսարաններում` Երեւանի Պետական Համալսարան, Ռուս-հայկական Սլավոնական եւ Հայաստանի Ամերիկյան Համալսարան: Վերոնշյալ միջոցառումները նպատակաուղղված են լինելու Հայաստանի ու ԵՄ միջեւ վիզաների դյուրացման համաձայնագրի մասին իրազեկության բարձրացմանը եւ մեր ուսանողներին Եվրոպայում երիտասարդական ծրագրերի եւ հնարավորությունների մասին տեղեկացմանը: Ծրագրի ավարտին նաեւ պատրաստելու ենք համապարփակ ուսումնասիրություն ու առկա խնդիրների շտկմանը միտված գործնական խորհուրդների ցանկ, որոնք պաշտոնապես կներկայացվեն հանրությանն ու շահառուներին»:

Կազմակերպիչները նշեցին, որ առաջին համալսարանական խորհրդաժողովը տեղի կունենա 2014թ. մայիսի 13-ին` ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական աջակցությամբ: