Կորնուոլի կելտերն առաջին անգամ Մեծ Բրիտանիայում պաշտոնապես ճանաչվում են ազգային փոքրամասնություն, ինչն էլ նրանց իրավունքները հավասարեցնում է մնացած կելտերի ` շոտլանդացիների, ուելսցիների եւ իռլանդացիների իրավունքներին: Այսպիսով, Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Կորնուոլ շրջանի ղեկավարությունը պետք է կարեւոր որոշումներ կայացնելիս հաշվի նստի նրանց կարծիքի հետ, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:
Կորնական լեզուն բրիտական խմբի կելտական լեզու է, որը երկու հարյուրամյակ մեռած էր համարվում: Սակայն էնտուզիաստները վերածնեցին այն: Այս պահին այդ լեզվով խոսող մոտ 3,5 հազար մարդ կա:
Ներկայումս Եվրոպայի բազմաթիվ փոքր ազգեր անկախության եւ ինքնավարության պայքար են մղում: Շոտլանդիայում այս տարի անկախության հանրաքվե կանցկացվի: Կատալոնիայի բնակիչներն էլ ցանկանում են անկախանալ Իսպանիայից: Բրետոնցիներն էլ Փարիզից իրենց իրավունքների ընդլայնում են պահանջում:


























