Հրաբխային մոխրի ամպը կրկին սպառնում է Եվրոպային:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Իռլանդիան կրկին փակել է իր օդային տարածքը իսլանդական հրաբխի պատճառով: Ավիաչվերթները դեպի երկիր եւ երկրից դուրս հետաձգվել են 6 ժամով, քանի դեռ չի անհետացել հրաբխային մոխրի ամպը:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, Շոտլանդիայի իշխանությունները մասամբ փակել են երկրի օդային տարածքը: Պատճառը կրկին հրաբային ամպն է:
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին բրիտանական ավիացիոն իշխանությունները հանդես կգան Միացյալ Թագավորության օդային տարածքում առկա իրավիճակի մասին զեկույցով:
Էյաֆյադլյայոկուդլ հրաբուխը, որը գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից 150 կմ հեռավորության վրա, սկսել է ժայթքել 2010թ. մարտի 20-ին: Ապրիլի 14-ին կրկնակի ժայթքում է գրանցվել: Հրաբխային ամպի պատճառով դադարեցվել էր ավիահաղորդակցությունը Եվրոպայի տարածքի մեծ մասում: Հայաստանը եւս տուժել էր ավիակոլապսի պատճառով:




























