Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կատարած այցի շրջանակներում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաեւ Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ Հովսեփյանի, Րաֆֆի Գարագաշյանի այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Էկումենիկ կենտրոն:
Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Սուրբ Էջմիածինը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով շարժական ցուցահանդեսին, ապա մասնակցել են Թուրքիայի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների եւ եկեղեցիների վիճակին նվիրված քննարկմանը:
Զրույցի ընթացքում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձել է հայ եկեղեցու էկումենիկ կապերին, ինչպես նաեւ ներկայացրել Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի տարածքում կրոնական հաստատությունների` մասնավորապես հայ, հույն, ասորի եկեղեցիների իրավունքների պաշտպանության բնագավառում եկեղեցիների կողմից ձեռնարկված քայլերը: Հովակիմ սրբազանը մասնավոր անդրադարձ է կատարել նաեւ պատմական Արեւմտյան Հայաստանի տարածքում մի շարք եկեղեցիների պատմությանն ու ներկա վիճակին` ԱՄՆ կոնգրեսականներին վերստին փոխանցելով Վեհափառ հայրապետի գնահատանքը` Թուրքիայի տարածքում եկեղեցական կալվածքներն իրավատերերին վերադարձնելու նպատակով օրենսդրական նախաձեռնության համար:
Հանդիպումից հետո հյուրերը շրջել են Մայր աթոռի թանգարաններում եւ եղել Մայր տաճարում:




























