Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաեւ խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլեւս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։
Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա: Համալիրի 16 խաչքարերը կերտվել են Հայաստանից ներկրված տուֆ քարից։
Համալիրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը, ով ընթերցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, որում մասնավորապես նշված է. «Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին քանիցս է ապացուցվել, որ մենք աշխարհում իրոք շատ բարեկամներ ունենք, ովքեր հարազատի պես անշահախնդիր ընդունել եւ ապաստան են տվել իրենց հայրենի հողում ապրելու հնարավորությունից եւ իրավունքից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին։ Եվ այս օրը նաեւ եւս մեկ առիթ է բոլորին ասելու շնորհակալություն»: Դավիթ Գեւորգյանը Երեւանի քաղաքապետի անունից նաեւ ծաղկեպսակ է դրել՝ ի հիշատակ անմեղ նահատակների:
Միջոցառմանը մասնակցել են Նիդեռլանդների հայ համայնքի եւ եվրոպական տարբեր երկրներից հատուկ բացման արարողությանը մասնակցելու համար եկած ավելի քան հինգ հազար մեր հայրենակիցներ, ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել եւ նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաեւ Հոլանդիայի խորհրդարանի, Ալմելոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գիտության եւ արվեստի գործիչներ: Միջոցառմանը մասնակցել եւ հոգեհանգստի կարգ է կատարել Նիդեռլանդներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Արշակ սրբազանը:


























