Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին` մեր օրերի մեծ երաժիշտ, ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման եւ տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ եւ ավյուն հաղորդելով երաժշտախմբին: Նրա երգերը մշտապես սիրված են եղել ունկնդրի կողմից եւ իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը:

‎Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական արարումները մշտապես կմնան հայ երաժշտարվեստի պատմության էջերում եւ սերունդների հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ եւ կիսում ձեր վիշտը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: