Թուրքիայում Ցեղասպանությունից փրկված եւ դեռեւս Դիարբեքիրում ապրող 84-ամյա Սըթքը Էքենը նշել է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցությունը բավարար չէ։

Քրդական Firat գործակալության հետ զրույցում Դիարբեքիրում ապրող հայերից Սըթքը Էքենը նշել է, թե 1915-ի ողբերգության ժամանակ իր ընտանիքին փրկել է Բիզմիլի շրջանի աղաներից մեկը։  Նա պատմել է, որ ծնվել է Դիարբեքիրի Սիլվանի շրջանի Բաշըբույուք գյուղում եւ մինչ 30 տարեկան դառնալն  իրենց գյուղում միակ հայն է եղել։ 

Սըթքը Էքենը նշել է, որ 1984 թվականից իրենց մի փորքիկ կացարան են հատկացրել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որտեղ մինչեւ հիմա ապրում է կնոջ հետ։

Անդրադառնալով Էրդողանի ուղերձին, 84-ամյա հայը շեշտել է, թե Էրդողանը պետք է ներողություն խնդրի հայերից։ «Հայ ժողովրդի հետ տեղի ունեցածից հետո այս պետությունը ներողություն է պարտք հայերին։ Ներողությունը ամոթ չէ, այն մեծություն խորհդանշող քայլ է»,-ասել է Սըթքը Էքենը՝ հավելելով, որ Էրդողանի հայտարարությունը բավարար չի համարում։