Նախորդ տարի, մաքսային ծառայության տվյալով, Հայաստան է ներկրվել 630,9 տոննա լուցկի, որը հավասարազոր է 74 մլն տուփ լուցկու՝ յուրաքանչյուրի համար 1,4 ԱՄՆ ցենտ (6 դրամից պակաս) մաքսային միջին արժեքով:
Լուցկիները ներկրվում են շատ երկրներից, մեծամասամբ՝ Ռուսաստանից (նախորդ տարում՝ 39,4%), Բելառուսից (16,9%), ինչպես եւ Հնդկաստանից (8,0%), Պակիստանից (7,0%) եւ Իրանից (5,6%): Նշենք, մեր հարավային հարեւանի բաժինը նվազել է 4,1 տոկոսով:
Մաքսային արժեքով ամենաէժան լուցկիները ներկրվել են Պակիստանից (տոննան 800 դոլարով), ամենաթանկարժեքները՝ Բելառուսից (1891 դոլար նույն քաշի համար): Չնայած ավելի քան կրկնակի թանկությանը, նախորդ տարի Բելառուսից լուցկու ներկրումը մեկ տարի առաջվա համեմատ ավելացել է 22.8%-ով: Հնարավոր է՝ այստեղ դեր է ունեցել որակի գործոնը:
Լուցկու այլընտրանք կրակայրիչների մասով ներկրման հետաքրքիր դինամիկա է առկա: Նախորդ տարի դրանց ներկրումը կազմել է 0,5 մլն հատ, ինչը դրա նախորդ տարվանից ավելի է 2,6 անգամ: Ամենայն հավանականությամբ, այս «առաջընթացը» ձեռք էր բերվել մաքսային վերահսկողության խստացմամբ, քանի որ լուցկու ներկրման որոշակի անկումը (1,6%) բացարձակապես անհամարժեք է կրակայրիչների ներկրման ծավալի աճին:
Երկու ապրանքներն ել օգտագործում են ծխախոտի սիրահարները, որոնք մեզ մոտ բավական շատ են: Դրանից բացի, լուցկիները օգտագործվում են նաեւ կենցաղային գազի սալօջախները վառելու համար: Հասկանալի է, որ սովորական կրակայրիչները դրանց համար մի փոքր անհարմար են:
Կրակայրիչների ներմուծման աշխարհագրությունում առաջատարը Չինաստանն է, այնուհետեւ` Նիդեռլանդները (12,7%) եւ Ֆրանսիան (11,5%): Ամենաէժան կրակայրիչները չինականն են (մաքսային միջին արժեքը 22 ցենտ է), իսկ ամենաթանկը`հոլանդականը (55 ցենտ):
Ներմուծման ծավալի գնային առավելությունը կրակայրիչներինն է`1,36 միլիոն դոլար՝ լուցկիների 1,06 միլիոն դոլարի դիմաց: Որպես կանոն` ծխողները նախընտրում են ոչ թե «էժան» լուցկիները, այլ կրակայրիչները: Գնի զգալի տարբերությունը փոխհատուցվում է կրակայրիչների ավելի երկարատեւ գործածմամբ: Լուցկու մեկ տուփը ծխողին բավականացնում է մի քանի օր: Իսկ կրակայրիչը կարող է բավականացնել մեկ ամիս կամ ավելի:
Էկոլոգիական տեսակետից լուցկիները ավելի գերադասելի են պլաստիկ կրակայրիչներից, որոնք իրենց նպատակին ծառայելով, աղտոտում են շրջակա միջավայրը: Սակայն ամեն ինչ միանշանակ չէ: «Փայտից» լուցկիների զանգվածային արտադրությունը դառնում է նաեւ զանգվածային անտառահատումների պատճառ, որը նույնպես վնաս է բնապահպանությանը: Այդ խնդիրները կապված են նաեւ ծխախոտային արտադրանքների օգտագործման հետ, այնպես որ դրանց գլոբալ լուծումը կապված է ծխելու կրճատման արդյունավետության հետ:
Սմբատ Գրիգորյան




























