Հոգեբանի դերն աճում է այն հասարակության մեջ, որտեղ իշխանության հասած մարդը փորձում է ինչ-որ կերպ ազդել մարդկանց վրա, նրանց դրական վերաբերմունքը ձեռք բերել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով, հիշյալ տեսանկյունից Հայաստանում անարխիա է տիրում: «Նշանակել եմ քեզ` ուրեմն ինչ ուզում ես` արա: Ինչ աբսուրդ էլ գործես` իմ հովանավորության տակ ես լինելու (ես տեր եմ)», - ասել է Խուդոյանը: Ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, եթե հասարակ քաղաքացիների շրջանում հոգեբանների դերակատարումը ինչ-որ տեղ մեծացել է, ապա քաղաքական շրջանակներում ամեն մեկը շարունակում է իր հոգեբանը մնալ:
Նրա պնդմամբ, հասարակության մեծ մասի գիտակցության մեջ հետեւյալ բացասական դիրքորոշումն է ամուր կառչած` «այստեղ վատ է» եւ «պետք է գնալ»: «Պրոֆեսորը կարող է այլ երկիր` վարունգ աճեցնելու գնալ, ինչը նրան ավելի քիչ է հուզում, քան հայաստանյան ցածր աշխատավարձը»- նշել է Խուդոյանը, հավելելով, որ հայերի մոտ առկա ամենաայժմեական հոգեբանական խնդիրներից մեկն այն դիրքորոշումն է, թե բիզնեսը չարիք է, իսկ գործարարը` չարագործ: Ի հակադրություն դրա, հասարակությունը բավականին նորմալ է վերաբերվում այն պետական պաշտոնյաներին, որոնք կաշառք են վերցնում եւ հենց դրանով էլ կողոպտում մարդկանց: Նմաններին ոչ միայն կաշառք տալիս են, այլ նաեւ` հարգում:
«Այլ կերպ ասած` մեր հասարակության մեջ մարդն այնպիսի տրամադրվածություն ունի, որ եթե այս կամ այն մեկին ինչ-որ պաշտոնի են նշանակում, անպայման թալանելու է, եւ դրա մեջ աննորմալ ոչինչ չկա: Չնչին գումարներ ստանալով, քաղաքացին չի ապստամբում, որովհետեւ այն մոտեցմամբ է ղեկավարվում, որ եթե իրեն էլ այդ պաշտոնին նշանակեն` նույնպիսին է դառնալու»,- համոզված է հոգեբանը: «Հակառակ պարագայում ընտրություններին ոչ մի կուսակցություն չէր կարող ձայների մեծամասնություն հավաքել: Այսօր ի՞նչ նպատակ են հետապնդում երիտասարդական կուսակցությունները: Պաշտոն եւ կաշառք»,- ամփոփել է փորձագետը:



























