Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը ապրիլի 29-ին բեմադրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ներկայացում` «Ողբամ մեռելոց… Բեկամ շանթեր…Կոչեմ ապրողաց…» խորագրով։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։ Ներկայացումը տեղի ունեցավ Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում։
Բեմադրությունից առաջ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի անունից հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լեւոն Թորգոմյանը։ Նա ընթերցեց դեսպան Մանուկյանի խոսքը, որում, մասնավորապես, նշվում էր. «Հայոց բազմադարյան պատմության այս ամենաողբերգական էջերից մեկը գրվել է 99 տարի առաջ եւ, ցավոք սրտի, ողջ մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունն այսօր էլ հարկինս դատապարտված եւ պատժված չէ: Մինչ Մեծ Եղեռնի հարյուրամյակը, մնացել է ընդամենը մեկ տարի: Քաղաքակիրթ մարդկությանը շատ ժամանակ տրված չէ հայ ժողովրդի նկատմամբ իր բարոյական պարտքը կատարելու համար: Ամեն տարի այս օրերին Թբիլիսիում եւ Վրաստանի մյուս շրջաններում կազմակերպվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Այսօր Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի բեմադրությունը նույնպես մշակությային միջոցառում է` ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի»։
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բեմադրությունը հայ եւ վրաց հանդիսատեսին ներկայացրեց 1915թ. ողբերգական իրադարձությունները։
Բեմադրությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, հայ եւ վրաց մշակութային եւ հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։

























