Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, պաշտոնապես բացվել է Երեւանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ եւ երեխաների հետ միասին մասնակցել է Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Երեւանցիների սիրված հանգստի գոտին հերթական տարեշրջանը դիմավորում է նոր կենդանատեսակներով ու բարեկարգված տեսքով:
Տոնական օրվա շրջանակում այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Երեխաներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր ամենուր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այգու տնօրենի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը մանրակերտի վրա քաղաքապետին է ներկայացրել կենդանաբանական այգու հեռանկարային զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են եւ բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում: Զրուցելով լրագրողների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին Աշխատավորների օրվա եւ կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ եւ ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական.
«Կարծում եմ կենդանաբանական այգու արդեն մուտքից բոլորիդ համար նկատելի է, որ բավականին աշխատանքներ են տարվել: Եվ իրոք, արդեն իրականացված աշխատանքների ծավալը բավականին տպավորիչ է: Այգու վերակառուցման ծրագիրը մենք բաժանել ենք փուլերի: Այս տարի Երեւանի բյուջեում նախատեսել ենք 300 մլն դրամ, որն ուղղվելու է նոր ազատավանդակների կառուցմանը, եղածների վերակառուցմանն ու նորոգմանը, այգու տարածքի կանաչապատմանը, անտառային գոտու ավելացմանը, ոռոգման համակարգի ընդլայնմանն ու մի շարք այլ բարեկարգման աշխատանքներին: Բացի այդ, հրավիրել ենք կենդանաբանական այգիների միջազգային մասնագետների եւ նախագծողների, ովքեր կառաջարկեն այն չափորոշիչների կիրառումը, որոնք ընդունված են միջազգային համբավ ունեցող կենդանաբանական այգիներում: Ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով, 2015-2016թթ-ին մենք ավելի շատ միջոցներ կտրամադրենք կենդանաբանական այգուն: Մեր ցանկությունն ու նպատակն այն է, որ կենդանիների համար ստեղծենք բնականին առավել մոտ պայմաններ, ինչը, համոզված եմ, նաեւ այցելուների համար ավելի հետաքրքիր կդարձնի այգի այցելությունը: Իհարկե, ծրագրում ենք նաեւ նոր կենդանատեսակներով համալրել այգին»,- ընդգծել է քաղաքապետը:




























