Մայիսի 3-ին Նիդեռլանդներում ծաղիկների շքերթ է կազմակերպվել, որի գլխավոր զարդը 20 հսկայական ծաղկաքանդակներն էին: Համաձայն ավանդույթի, այն 42 կմ ճանապարհ է անցնում` Նոյդվեյքից մինչեւ Հարլեմ, որի ընթացքում հազարավոր հոլանդացիներ ու զբոսաշրջիկներ կարող են տեղացի ծաղկագործների վարպետության ականատեսը դառնալ եւ բավականություն ստանալ բացվող տեսարանից: 

Այդ քանդակները Բոլլենսթրեյք շրջանի գյուղերի ու քաղաքների` իրենց ծաղկագործական ավանդույթներով հայտնի բնակիչներն են ստեղծում: Յունաքանչյուր բնակավայր շքերթին, որ միաժամանակ նաեւ մրցույթ է հանդիսանում, ամենատարբեր գույների եւ երանգների վարդակակաչներից, նարգիզներից եւ գեորգինաներից պատրաստված մեկ կոմպոզիցիա է ներկայացնում: Կազմակերպիչների համոզմամբ, այս տարի այդ նպատակով ամենաքիչը 100 մլն ծաղիկ է օգտագործվել: Քանդակների պատրաստմանը շուրջ 10 հազար տարբեր տարիքի մարդ է մասնակցել:

Այս տարի հաղթող է ճանաչվել մոտոցիկլետի վրա կով պատկերող ծաղկաքանդակը: Այն, ժյուրիի կարծիքով, ոչ միայն լիարժեք արտահայտում է օրվա թեման, այլ նաեւ հոլանդական ինքնաբավության հետ է այն կապում` մասնավորապես երկանիվ տրանսպորտի եւ գյուղատնտեսության հանդեպ սիրո արտահայտման միջոցով: