ՀԱՊԿ Ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը պարզաբանել է վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տված փաստը, որ ՀԱՊԿ Ակադեմիայի շենքի կառուցման նպատակով քանդվել է Հր. Աճառյանի անվան նախկին թիվ 72 դպրոցի շենքը:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին հանրության շրջանում ակտիվորեն շրջանառվում էր տեսակետ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ակադեմիայի շենքի կառուցման նպատակով քանդվել է Հր. Աճառյանի անվան նախկին թիվ 72 դպրոցի շենքը: Անկեղծ ասած, առնվազն տարօրինակ է լսել նման հայտարարություններ ու պնդումներ, երբ վերոնշյալ շենքի մասին առկա են հստակ տվյալներ: Նախ տվյալ շենքը, որ կառուցվել էր 1930-ական թվականներին, ամբողջությամբ հողաշեն էր եւ համաձայն Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից տրված եզրակացության, գնահատվել էր որպես 4-րդ կարգի վթարայնության շինություն, որը ցանկացած պահի կարող էր փլուզվել:
Ինչ վերաբերում է շենքի միտումնավոր քանդման շրջանառվող տեսակետին, ապա հարկ եմ համարում տեղեկացնել, որ ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ առավել եւս ֆինանսական տեսանկյունից, շենքը քանդելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացնելու, բացի այդ նաեւ ակնհայտ էր, որ շենքի քանդումը նաեւ դժգոհություն կարող էր առաջ բերել: Այս ամենին զուգահեռ պետք չէ նաեւ մոռանալ, որ անձրեւի կամ ձյան տեսքով առատ տեղումները եւս իրենց բացասական հետեւանքներն էին թողնում վթարային հողաշեն շենքի վրա, որը եւս, ըստ էության, նպաստեց շենքի փլուզմանը: Անշուշտ չենք բացառում նաեւ շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլում շինարարի կողմից դրսեւորած անհարկի շտապողականությունը: Ինչեւէ:
Ուզում եմ տեղեկացնել հանրությանը, որ արդեն իսկ ստեղծված է մասնագիտական հանձնաժողով, որը համակողմանիորեն քննարկում է այն լուծումները, որի արդյունքում պատշաճ կերպով կվերականգնվի շենքի նախկին ճարտարապետական տեսքը: Ստեղծված հանձնաժողովն այժմ իրականացնում է քարերի համարակալման աշխատանքներ, որոնցով եւ կվերականգնվի շենքի նախկին տեսքը: Ի դեպ, արդեն իսկ պատրաստ է շենքի վերականգնման, վերակառուցման եւ վերանորոգման, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքային նախագծման փաթեթը՝ հիմքում ունենալով շենքի ճարտարապետական տեսքի պահպանման գերակա նպատակը: Եվ վստահեցնում եմ բոլորին, որ կարճ ժամանակահատվածում կվերականգնենք շենքի նախկին տեսքն ու արդյունքում կունենանք ավելի ամուր եւ ապահով շինություն»:




























