Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի` ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին հնչեցրած հայտարարությունն ուղղակի անվայել էր: Մայիսի 6-ին կազմակերպված մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ է հանդես եկել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ, ադրբեջանցիները սկսել են նյարդայնանալ, ինչն ավելի քան ակնհայտ է: Քաղաքագետի խոսքով, այդ մասին է վկայում ոչ միայն Ազիմովի հայտարարությունը, այլ նաեւ այն, թե ինչ է տեղի ունենում երկրի ներսում, մասնավորապես`  լրագրող Ռաուֆ Միրկադիրովի, ինչպես նաեւ Լեյլա եւ Արիֆ Յունուսների ձերբակալությունները: «Դժվար է պատասխանատու հայտարարություններ անել, քանի որ Ադրբեջանի քաղաքական կյանքը խիստ ներփակված է: Բայց այդ ամենը կապ ունի Ռուսաստանի` հետխորհրդային տարածքներում ունեցած դերակատարման փոփոխության հետ: Ալեքսանդր Իսկանդարյանը նաեւ նշել է, որ առաջիկայում ամերիկյան կողմի պատասխան հայտարարությունը կհնչի, եւ հնարավոր է` դա հենց ինքը` Ուորլիքը անի:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը ԱՊԱ-ին տված հարցազրույցին ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահին կողմնապահության եւ պատվեր իրականացնելու մեջ էր մեղադրել` հայտարարելով, որ ադրբեջանական կողմը մտադիր է Ուորլիքի` համանախագահի պաշտոնից հետկանչի պահանջ ներկայացնել: