Ռուսաստանն այժմ տրամադրված չէ Ուկրաինա մտնելու, մայիսի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ ուկրաինական բանակը միգուցե ռեսուրս ունի Սլավյանսկը վերցնելու համար, սակայն արեւելքը գրավելու համար չունի ռեսուրս: «Ինձ թվում է, այսօր Ռուսաստանում գերիշխող է այն կարծիքը, որ ուկրաինացիներն ինքնուրույն կքանդեն իրենց պետությունը: Բայց հնարավոր են տարբերակներ, երբ նա այլ ելք չի ունենա. Եթե արեւելքում հարյուրավոր մարդիկ զոհվեն, հիմնականում այդ դեպքում անսպասելի իրադարձություններ կարող են լինել», - նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ քաղաքագետն ընդգծել է, որ ընտրությունները կայունացում չեն բերի: »Ուկրաինայի բնակչության լուրջ խմբեր այդ ընտրությունների արդյունքները չեն ընդունի: Առանցքային պահեր կլինեն մայիսի 9-ը, երբ հնարավոր են ապակայունացնող երեւույթներ, անգամ՝ բախումներ, մայիսի 11-ը, երբ հարցում, այսպես կոչված՝ հանրաքվե կանցկացվի, հետո՝ մայիսի 25-ը»,- նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























