Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: «Մեր ցանկությունն է, որպեսզի Պորտուգալիան ունենա իր հաստատուն տեղը Հայաստանի բարեկամների շարքում: Վստահ եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ ամեն ինչ անելու եք»,-դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցների համոզմամբ, հայ-պորտուգալական երկկողմ հարաբերությունների եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցության զարգացման համար մեծ ներուժ, ինչպես նաեւ անհրաժեշտ բոլոր պայմանները կան:

Սերժ Սարգսյանը եւ Պորտուգալիայի դեսպանը երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչին, նրանց համոզմամբ, զգալիորեն կարող են նպաստել բարձրաստիճան փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու եւ երկու բարեկամ երկրների միջեւ ակտիվ համագործակցություն զարգացնելու համար: