Հայաստանի նոր կառավարությունը նախկինից պրագմատիկ է: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործող համակարգին ամենահարմար ֆիգուրն է: Մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության նոր կազմը:

Նրա խոսքով, եթե կառավարությունը այս կամ այն խնդիրը վեր հանի, ապա այն օդում կախված չի մնա եւ, այսպես թե այնպես, իր լուծումը կգտնի: «Հենց գա այն պահը, երբ կառավարությունը հասկանա, որ փակուղում է հայտնվել, ապա խնդիրը ցանկացած գնով կլուծի»,- նշել է փորձագետը: Նախարարների այսօրվա կազմը, մասնագետի ընդգծմամբ, գիտի` ինչ անել, ինչպես խոսել եւ օլիգարխի, եւ բենզալցակայանի աշխատակցի, եւ ներմուծողի, եւ արտահանողի հետ:

Հիշեցնենք` խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին: Նոր կառավարության կազմը հայտնի է դարձել մայիսի 3-ին: 18 նախարարներից 9-ը փոխվել են, մյուսները` վերանշանակվել իրենց պաշտոնին: