Բնապահպանության նախարարները գնալով ավելի անորակ են դառնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողներին ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ ինքը որևէ ակնկալիք չունի նաեւ նորանշանակ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից:
«Ես անկեղծ որևէ ակնկալիք չունեմ այս նախարարությունից, այս կառավարությունից, քանի որ, ինչպես տեսնում ենք, գնալով որակազրկվում են `սկզբում Վարդան Այվազյան, հետո Արամ Հարությունյան` մեկը մյուսից անորակ: Այս մեկի մասին չգիտեմ, թե ինչ ասեմ, քանի որ դեռ գործում է անմեղության կանխավարկածը, բայց հաշվի առնելով այս կառավարության որակը՝ չեմ կարծում որևէ բան պետք է փոխվի»,-ասաց նա:
Արթուր Գրիգորյանը նաև ավելացրեց, որ պաշտոնյաները «մարդկային լեզու չեն հասկանում» և միակ ճանապարհը՝ ստիպելու, որ նրանք վնաս չտալ բնությանը՝ նրանց վրա ճնշումներ գործադրելն է:
«Մեր ճնշման մեխանիզմը լինելու է նրանց ֆինանսական հոսքերը փակելը, մենք արդեն սկսել ենք կապ հաստատել Համաշխարհային բանկի և այլ միջազգային այլ կազմակերպությունների հետ»,- նշեց Արթուր Գրիգորյանը:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն էլ նշեց, որ այսօր մենք մեծ արագությամբ կորցնում ենք մեր ռեսուրսները, և եթե պատասխանատու մարմինները համատասխան քայլեր չձեռնարկեն, ապա հետևանքները կարող են անդառնալի լինել:
«Պետք է հասկանալ, որ ոչ թե բնությունն է կորցնում, այլ մենք ենք կորցնում: Չեմ կարծում, որ հիմա որևէ փոփոխություններ լինեն, քանի որ նորանշնակ նախարարը Վարդան Այվազյանի և Արամ Հարությունյանի նման բիզնես ոլորտի մարդ է»,- ասաց նա:
Ինգա Զառաֆյանը նաև ասաց, որ իրենք արդեն կապվել են բնապահպանության նորանշնակ նախարարի հետ, և որ վերջինը պատրաստակամություն է հայտնել քննարկել ոլորտին վերաբերող ցանկացած հարց: «Հայ Կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը նույնպես մեծ ակնկալիքներ չունի նոր կառավարությունից և հատկապես նորանշանակ բնապահպանության նախարարից: Վերջինս նաև հավելեց, որ նրանք կփորձեն Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները լուծել ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) միջոցով:




























