Եթե «հրաշալի քառյակի» ուժերից մեկն էլ կողմ քվեարկի կառավարության նոր ծրագրին, քառյակի համագործակցությունը կավարտվի: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Կառավարության ծրագիրը հիմնական սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է, որը պետությունը վարում է առաջիկա մի քանի տարիներին, եւ եթե ընդդիմադիր համարվող կամ այլընտրանք ներկայացած ուժը կողմ է քվեարկում, նշանակում է, որ նա չի հակադրվում իշխանություններին եւ հասկանալի է, որ այլ ուժերի հետ լուրջ համագործակցություն չի կարող ունենալ, սակայն չի բացառում մանր-մունր հարցերի շուրջ համագործակցությունը»,- ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դեմ են քվեարկելու կառավարության նոր ծրագրին, իսկ մյուս ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի վերաբերյալ նա լուրջ կասկածներ ունի:

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դեմ են քվեարկելու, իսկ մյուս երկուսի դեպքում դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ ստվերային գործընթացներ են կատարվում: Հավանական եմ համարում, որ քառյակը համաձայնության չգա եւ ամեն մեկն ինքը որոշի, թե ինչպես է քվեարկում: Նման փորձ արդեն կա՝ ԱԺ նախագահի ընտրությունը, երբ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Գալուստ Սահակյանի օգտին»,- ավելացրեց Էդգար Վարդանյանը:

Նշենք, որ ապրիլի 30-ին Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ կառավարության նոր ծրագիրը կներկայացվի մայիսին:

Նույն օրը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ կառավարության նոր ծրագրի քվեարկությունը վերջին քննությունն է լինելու քառյակի համար: