Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ջեռուցման համակարգերով են ապահովվում քաղաքապետարանի ենթակայութան մարզադպրոցները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար տարիներ շարունակ մարզադպրոցները ջեռուցվել են էլեկտրական սալիկներով եւ այլ միջոցներով: Ջեռուցման ծրագրի շնորհիվ մարզադպրոցները հնարավորություն կունենան ձմռան ամիսներին լիարժեք կազմակերպել մարզումները, ինչը կնպաստի նաեւ հանրապետական եւ միջազգային մրցաշարերում բարձր ցուցանիշներ գրանցելուն:
2014 թվականի ծրագրով ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունից տեղեկացրել են, որ 3 մարզադպրոցներում աշխատանքների հիմնական փուլն արդեն ավարտվել է: Աշխատանքների ամբողջ ընթացքում քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից որակի ապահովման նպատակով իրականացվել է հատուկ հսկողություն:



























