Որպես ԵՄ «Արեւելյան գործընկերություն»  ծրագրի հիմնադիր անդամ՝ Հայաստանը իր քաղաքականության հիմքում տեսնում է ԵՄ-ի հետ խոր, տեւական եւ լայն երկխոսությունը: Այս մասին մայիսի 7-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա համոզմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները մեծ ներուժ ունեն: «Քաղաքական հետագա գործընթացների նպատակն ու նշանակությունը կլինի այն, որ հնարավորինս իրացվի առկա ներուժը», -նշել է Զաքարյանը:

Ի պատասխան հարցին՝ հնարավոր է արդյոք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը, պատգամավորը նշել է. «Եկեք դա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մաս չանվանենք: Այս պահին էական է ոչ թե այն, թե ինչպես դա կանվանվի, այլ այն, որ  ԵՄ-Հայաստան համագործակցությունը փոխշահավետ հիմքով է կառուցվում»:  Արտակ Զաքարյանը նշել է, որ համագործակցությունը դրսեւորման բազմաթիվ  ձեւեր ունի, եւ տվյալ պարագայում  Ասոցացման համաձայնագրի  կամ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի առկայությունը պարտադիր չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին խոսելու համար : «Հարաբերություններ միշտ էլ կան, եթե կողմերի միջեւ կա հետաքրքրվածություն եւ ներուժ, իսկ  Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ այդ ներուժն առկա է», - ամփոփել է նա:

Հիշեցնենք, 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում ԵՄ «Արեւելյան գործընկերության»   երրորդ գագաթաժողոթվի ընթացքում Հայաստանը չէր նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին: