Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ապրիլի 23-ից մայիսի 2-ը, «Հուլիոս Կեսար» ներկայացումով (բեմադրությունը` ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր` Արմեն Խանդիկյան) մասնակցել է Ռումինիայի Կրայովո քաղաքի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին: Փառատոնը ամենահեղինակավորներից մեկն է Եվրոպայում եւ ունի 20 տարվա պատմություն: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ` ընդգրկելով աշխարհի լավագույն շեքսպիրյան ներկայացումները:
Այս տարի փառատոնի ծրագրում տեղ էին գտել այնպիսի հանրահայտ բեմադրիչների աշխատանքներ ինչպիսիք են ` Սիլվիո Պուրկարետեն, Էդվար Հոլը, Դեկլան Դոնելլանը, Յուրի Բուտուսովը, Օսկարաս Կորշունովասը, Յանուշ Վիշնեւսկին եւ այլոք: Ըստ ծրագրի Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումը ցուցադրվեց Կրայովո եւ Թարգու-ջյու քաղաքներում:
Փառատոնին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումը մասնակցում էր Երեւանի Քաղաքապետարանի եւ ՀՀ Մշակույթի Նախարարության ֆինանսական աջակցությամբ:




























