Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Չկորոցկիի գյուղում 9-ամյա աղջկա բռնաբարության փորձ է բացահայտվել: Տեղաբնակները հանցագործության մեջ մի 78-ամյա տղամարդու են մեղադրում:

Տեղի ունեցածի արդյունքում գյուղում ծեծկռտուք է սկսվել, փակվել է ավտոմոբիլային ճանապարհը: Աղջնակի հարազատները պահանջում են օրենքի ողջ խստությամբ պատժել չարագործին:

«Վերջերս ենք իմացել, որ ազատվել է բանտից: Ասում են` 78 տարեկան է եւ չի կարող անազատության մեջ գտնվել: Խնդրում ենք պատժել նրան օրենքի ողջ խստությամբ, իսկ ընտանիքին էլ` արտաքսել գյուղից»,- հայտարարել է տուժածի պապիկը:

Միջադեպը մայիսի 4-ին, գյուղի կիսավեր տներից մեկում է տեղի ունեցել: Տարեց տղամարդը փորձել է սեռական բռնություն գործադրել, սակայն պատահաբար մոտակայքով անցնող հարեւանին հաջողվել փրկել 9-ամյա աղջնակին մանկապիղծի ձեռքից:

Միջադեպի վայրում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են հավաքվել: Նրանք մանկապիղծի հարազատներին անվտանգության նկատառումներով հեռացրել են գյուղի տարածքից: Ոստիկանապետի խոսքով, հանցագործը ձերբակալված է, եւ նրա հանդեպ բռնաբարության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: