Հայ փախստականների վերադարձը Սիրիա բխում է հայաստանի ազգային շահերից: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հալեպի Ավետարանական համայնքի ղեկավար Հարություն Սելիմյանը՝ անդրադառնալով բռնի տեղահանված սիրիահայերի հետագա ճակատագրի մասին հարցին:

«Մենք չպետք է մոռանանք, որ Հայկական հարցը դեռեւս օդում կախված է եւ այդ հարցում արդյունավետ առաջընթացի գործում սիրիական համայնքի դերը, որը հայտնի է իր կազմակերպվածությամբ եւ ազդեցությամբ, շատ կարեւոր է: Այսպիսով, եթե մենք կարողանանք պահպանել համայնքի ամբողջականությունը, այն կարող է առավել օգտակար լինել Երեւանի համար, քան եթե ողջ մարդկային եւ նյութական ռեսուրսը տեղափոխենք Հայաստան»,-ընդգծել է Սելիմյանը:

Սակայն, ըստ Սելիմյանի, մինչ այն պահը, երբ սիրիահայերը կկարողանան վերադառնալ իրենց տները, անհրաժեշտ է լուծել բոլոր այն խնդիրները, որոնց նրանք բախվում են Հայաստանում: Մասնավորապես, շատ սիրիահայեր բժշկական եւ հոգեբանական օգնության կարիք ունեն: Բացի այդ, որոշները լուրջ ֆինանսական դժվարություններ են կրում, հետեւաբար, ի վիճակի չեն բնակվարձ վճարել:

«Ամեն ինչից զատ, անհրաժեշտ է դիմել տեղի իշխանություններին՝ առաջարկելով հարկման հատուկ կարգ սահմանել սիրիահայերի համար: Այդպես նրանք կկարողանան իրենց տնտեսած միջոցները ծախսել առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար»,-ամփոփել է Սելիմյանը: