Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը մայիսի 8-ին կայանալիք կառավարության նիստի ժամանակ առաջարկելու է ավելի քան 1.5 մլն դրամ հատկացնել մշակույթի նախարարությանը՝ քանդակագարոծ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հուղարկավորության հետ կապված ծասերը փոխհատուցելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության կայքից:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,697.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով)»:

Նշենք, որ հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազը, մահացել է մարտի 18-ին:  Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 22-ին Երեւանի քաղաքային պանթեոնում: