Հայաստանում չորս ամուսնությանը մեկ ամուսնալուծություն է բաժին հասնում: Մայիսի 7-ին հիշյալ վիճակագրական տվյալը լրագրողներին ՀՀ Վիճվարչության ժողովրդագրության եւ մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանն է ներկայացրել: Նրա խոսքով, 2014թ. առաջին եռամսակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված ամուսնությունների թիվը 4591-ից 4744-ի է հասել: Այլ կերպ` ամուսնացել են 1000 մարդուց 6,5-ը: Այդուհանդերձ, աճել է նաեւ ամուսնալուծությունների թիվը` 897-ից հասնելով 1210-ի: Վերը բերված համադրությամբ` 1000-ից` 1,6-ը:

Ամուսնության համահանրապետական միջին ցուցանիշից բարձր արդյունքներ են գրանցվել Գեղարքունիքի, ինչպես նաեւ Կոտայքի, Շիրակի եւ Լոռու մարզերում: Ամուսնալուծություններով առջեւում են Արագածոտնի, Լոռու, Շիրակի եւ Վայոց Ձորի մարզերը: