Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր՝ մայիսի 7-ին, ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Վարչապետ Ա. Հարությունյանը կարեւորել է այդ նախաձեռնությունը` Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համատեքստում, եւ ողջունել նախագիծը ֆինանսավորելու ՀԲԸՄ պատրաստակամությունը: Նա հավելել է, որ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչմանը:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել անմիջապես ձեռնամուխ լինել կենտրոնի ժամանակավոր շենքի հարմարեցման եւ վերանորոգման աշխատանքներին, որպեսզի առաջիկա ամիսներին հնարավոր լինի աշակերտների առջեւ բացել դրա դռները: Քննարկվել են նաեւ կազմակերպչական մի շարք հարցեր՝ շենքի ընտրության եւ աշխատանքների կառավարման հետ կապված: