Ընթացիկ տարում, ինչպես նաեւ ամեն տարի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Հայաստան» գնացքի Երեւան-Բաթում-Երեւան ուղերթը կմեկնարկի հունիսի 15-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
Նրա խոսքով՝ օրերս Աստանայում Երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստ է անցկացվել, որի շրջանակներում Երեւան-Բաթում-Երեւան գնացքին արդեն պաշտոնապես միջազգային «ֆիրմային» որակավորում է շնորվել: «Սա վկայում է միջազգային հաղորդակցության պահանջներին համապատասխանելուն, մասնավորապես, ուղեւորների սպասարկման, շարժման անվտանգության, տեղափոխության հարմարավետության հարցերում»,- ընդգծել է Դավթյանը:
Ինչպես եւ նախորդ տարի, նշել է նա, մինչեւ Հայաստանի սահմանն անվճար WiFi կլինի: «Բացի այդ ուղեւորներին լրացուցիչ ծառայություններ կտրամադրվեն, մանկական ծառայություններ: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությնը, ապա միջազգային փոխադրումների սակագները, ի տարբերություն երկրի ներսում իրականացվող փոխադրումենրի, կցված են շվեյցարական ֆրանկին, համապատասխանաբար տոմսի արժեքը կախված է փոխարժեքի տատանումներից»,- ասել է Վահե Դավթյանը՝ միաժամանակ հավելելով, որ ինչ-որ կտրուկ տատանումներ չեն նախատեսվում, հնարավոր է գները պահպանվեն անցյալ տարվա մակարդակում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ամենթեժ տուրիստական սեզոնում՝ օգոստոսի 1-20-ը, Երեւանից Բաթումի վերջին կայարան(Մախինջաուրի ) տոմսերն արժեին 11600 դրամ պլացկարտային վագոնում, ննջավագոնում՝ 17980 դրամ, բարձր հարմարավետությամբ ննջավագոնում՝ 19860 դրամ: Վագոնների վերին տեղերի տոմսերը համապատասխանաբար 10 տոկոսով էժան էին:




























