Հայ ժողովուրդը ոչ միայն Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է, այլ նաեւ հաղթանակ պարգեւած ժողովուրդներից մեկը: Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ Ռուբեն Թովմասյանը` Հայրենականի վետերաններին ու ողջ ժողովրդին շնորհավորելով առաջիկա Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Նրա խոսքով, 1,5 մլն բնակչությամբ Հայաստանը 600 հազար զինվոր է տվել պատերազմին, որոնց շուրջ 50 տոկոսն իր կյանքն է զոհել աշխարհը «սեւ ժանտախտից»` ֆաշիզմից ազատելու համար: «Մենք 94 գեներալ ենք տվել, ԽՄ 115 հերոս, որոնցից երկուսը` կրկնակի (Հովհաննես Բաղրամյան եւ Նելսոն Ստեփանյան), եւ վերջապես` 5 մարշալ: 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան լեգենդար Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ հերոսաբար Կովկասից Բեռլին է հասել եւ Ռեյխստագի գրավումից հետո քոչարի պարել»,- հիշեցրել է Ռուվեն Թովմասյանը: Մեծ Հայրենականը, նրա գնահատմամբ, ցույց է տվել հայ ժողովրդի ոգին, եւ մենք պետք է, շնորհիվ դրա, հպարտ քայլենք աշխարհով մեկ:
Ռուբեն Թովմասյանը նաեւ Շուշիի հերոսական ազատագրումն է հիշել: «Դա եւս հայ ժողովրդի փայլուն հաղթանականերից մեկն է»,- հպարտությամբ ամփոփել է նա:




























