Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս քաղաքում մահացած 84-ամյա ֆրանսիացի Լուի Ագուստ Թոմասին կնոջ ցանկությամբ թաղել են քրիստոնյաների գերեզմանոցում, սակայն մահմեդական կանոններով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում 19 տարի ապրած ընտանիքում հավատում են, որ թե մուսուլմանների, թե քրիստոնյաների Աստվածը նույնն է, ինչի համար մահացածի կինը ցանկացել է, որ իր ամուսնուն թաղեն մահմեդական կանոններով, թեեւ նա կաթոլիկ քրիստոնյա է։

Մզկիթից եկած իմամը կատարել է կնոջ ցանկությունը եւ հանգուցյալին թաղել են մահմեդական կանոններով, որից հետո կինը նշել է, թե իր համար կապ չունի մարդու կրոնը, քանի որ բոլորի Աստվածն էլ նույնն է եւ կապ չունի, թե ինչ կրոնի օրենքներով են թաղում հանգուցյալին։

Իսկ թաղումն իրականացրած իմամն էլ շեշտել է, թե ըստ իսլամի, որեւէ տարբերություն չկա, թե մահացածը ինչ կրոնի դավանող է եղել՝ շեշտելով, որ հոգեհանգստի նամազը կարելի է անել ցանկացած մաքուր տեղ։