Վարչական դատարանը բավարարել է քաղաքացիական ակտիվիստ, տրասնպորտի թանկացման դեմ պայքարող Վահագն Մինասյանի հակընդդեմ հայցը, իսկ ոստիկանությանն էլ պարտավորեցնել 200 հազար դրամ վճարել ակտիվիստին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Մինասյանը:
«Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցը փաստական ապացույցներ չունենալով, իսկ մեր հակընդդեմ հայցը բավարարել՝ պարտավորեցնելով ոստիկանությանը 200 հազար դրամ վճարել: Սա իհարկե դատական ծախսերի համար է: Ես դեռ դիմելու եմ դատարան՝ բարոյական փոխհատուցում պահանջելու»,- ասաց ակտիվիստը:
Նրա խոսքով՝ իր դեմ դեռ 14 նմանատիպ գործ կա:
Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստը բերման էր ենթարկվել 2013թ. օգոստոսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի մոտից՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակցիայի ժամանակ, երբ վերջինս բարձրախոսով պահանջներն էր բարձրաձայնում: Ոստիկանությունը վարչական դատարան հայց էր ներկայացրել «անհնազանդին» 50 հազար դրամ տույժի ենթարկելու համար, Մինասյանն էլ իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել։




























