Իմ առջեւ ՀԿ-ներին չեզոքացնելու խնդիր դրված չէ, մայիսի 8-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող էր նկատի ունենալ Ռուսաստանի դեսպանը, երբ օրերս հայտարարել էր Հայաստանում հակառուսական ՀԿ-ները «այլ մեթոդներով» չեզոքացնելու անհրաժեշտության մասին:
Այն հարցին, թե ինչ մեթոդներ կարող են լնել դրանք, քանի որ շուտով արդարադատության նախարարությունն է գրանցելու ՀԿ-ները, Մանուկյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ է ասել, որ իմ առջեւ այդպիսի խնդիր է դրված: Իմ առջեւ խնդիրներ են դնում ՀՀ նախագահը եւ կառավարությունը: Իսկ ՀՀ կառավարության արձագանքը ՌԴ դեսպանի հայտարարությանը հաղորդվել է ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ»:
Օրերս ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հարցազրույց էր տվել «Նոյյան տապան» ուսալեզու պարբերականին եւ մասնավորապես նշել էր, որ պետք է այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում՝ որպես օրինակ նշելով ՌԴ-ում ՀԿ-ների գործունեությունը կարգավորող օրենքը:
Իր հերթին ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հայաստանյան ծառայության հարցին, հայտարարել է. ««Չեմ կարծում, որ որեւիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված եւ ժամանակի փորձությունն անցած դաշնակցային հարաբերություններում»։ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում եւ գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»:




























