Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մայիսի 8-ին, բողոքի ակցիա անցկացնող «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած երկու շենքերի խաբված բնակարանատերերը շրջապատեցին կառավարության նիստից հետո շենքից դուրս Արդարադատության նորանշնակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Վերջինը երկար ժամանակ փորձում էր խուսափել բնակիչների հետ խոսելուց` պատճառաբանելով , որ կառավարության դիմաց նման հարցեր քննարկելն «այնքան էլ գրագետ չէ»:

Ի վերջո, նախարարը տեղի տվեց, լսեց նրանց բողոքը  եւ խոստացավ տասն օր անց կապվել քաղաքացիների հետ ու ընդունել նրանց նախարարությունում, քանի որ ընդամենը մի քանի օր է, ինչ նախարար է նշանակվել եւ լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների հիման վրա որևէ եզրակացություն անել չի կարող:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»։ «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին եւ այժմ բնակարանատերերից լրացուցիչ գումար է պահանջում՝ բնակարանները նրանց վերադարձնելու համար։