Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այս պատմության սկիզբը դրվել է 1998 թվականին, երբ Երեւանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Սիրվարդ Սարգսյանը ահազանգեց քաղաքապետարան նշված շենքին կից կառուցվող շինության մասին: 1999 թվականի հունիսի 14-ին քաղաքապետ Ս.Աբրահամյանի որոշմամբ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում քանդել ապօրինի ավտոտնակը: Քանդել են միայն դարպասն ու ետեւի պատը: Այդ ժամանակվանից բնակիչը բողոքում է, որ այդ ապօրինի կառույցի պատճառով իր բնակարանը զրկված է արեւի լույսից:
Քաղաքացին նույնիսկ հանձն էր առել հոգալ կառույցի քանդման ծախսը եւ 32315 դրամ վճարել է գեոդեզիական չափագրման եւ հանույթի պատրաստման համար:
Ինչեւէ, 2013թ. դեկտեմբերից Տարոն Մարգարյանին ուղղված նամակագրության արդյունքում 2014թ. մայիսի 7-ին քաղաքապետը ստորագրել է որոշում, որով հանձնարարվում է 7-օրյա ժամկետում քանդել ինքնակամ կառույցը եւ ապօրինի տիրապետումից ազատել Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը: Մնում է հուսալ, որ պարոն Մարգարյանը հետեւելու է այս գործընթացին, եւ իր որոշումը 1999 թվականի քաղաքապետի որոշման ճակատագիրը չի ունենալու»:




























